Результат поиска

Database information / Информация о безе данных / Շտեմարանի մասին


Ծրագրի մաին

2012 թվականից «Հազարաշեն» մարդաբանական հետազոտությունների հայկական կենտրոն ՀԿ-ն Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ կազմակերպության (Գերմանիայի Ժողովրդական բարձրագույն դպրոցների միության Միջազգային համագործակցության ինստիտուտ) հետ համատեղ իրականացնում է Հայաստանում ԽՍՀՄ ամբողջատիրության շրջանի քաղաքական բռնաճնշումների բացահայտմանն ու հանրայնացմանն ուղղված Armenia Total(itar)is (Ամբողջ(ատիր)ական Հայաստան) ծրագիրը:

2015 թվականից ի վեր ծրագրի թիմը համագործակցում է ՀՀ Ազգային արխիվի հետ՝ ԽՍՀՄ քաղաքական բռնությունների զոհերի մասին տվյալների շտեմարան ստեղծելու գործում: 2016 թ. ապրիլից ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում սկսվեց նաև «1949 թ. հայերի բռնաքսորի կամպանիան և դրա արտացոլումը պատմական հիշողությունում» 15РГ-27 պետական հայ-ռուսական համատեղ հետազոտական թեմայի իրականացումը, որով ՀՀ պետությունը մեկնարկեց խորհրդային շրջանի քաղաքական բռնությունների ուսումնասիրությունը: Նախնական խնդիրը ստալինիզմի շրջանի բռնությունների զոհերի մասին շտեմարանի կազմումն էր, բայց մենք տվյալներ ենք հավաքել Հայաստանի խորհրդայնացման հենց սկզբից և հատկապես սկսած՝ այսպես կոչված Կարմիր տեռորի շրջանից:

Շտեմարանի համար տվյալները հավաքվել են բռնադատվածների՝ գլխավորապես ՀՀ Ազգային Արխիվում գտնվող գործերից: Շտեմարանում զետեղված են ինչպես անհատ մարդկանց դատական և արտադատարանական (տրոյկաների) որոշումների գործերից քաղված տեղեկությունները, այնպես էլ ԽՍՀՄ Ժողկոմխորհի, ավելի ուշ՝ Մինիստրների խորհրդի «հույժ գաղտնի» որոշումներով աքսորված խմբերում ընդգրկված անհատ մարդկանց տվյալները: Խմբային դեպորտացիաներն իրականացվում էին ընտանիքներով, և փաստացի դեպորտացիայից հետո իշխանության բռնարարքն «իրավական կարգավիճակ» էր ստանում ԽՍՀՄ Պետանվտանգության նախարարությանը կից, ԽՍՀՄ դատական օրգանների կառուցվածքի մեջ չմտնող Հատուկ հանձնաժողովների (ОС-Особое совещание) կողմից աքսորված յուրաքանչյուր ընտանիքի համար կայացված որոշումներով:

Ներկա պահին մեր թվայնացված շտեմարանում զետեղված են Խորհրդային Հայաստանում 1920-1953 թթ. ընթացքում բռնադատման ենթարկված ավելի քան 45.000 մարդու տվյալներ: Նրանցից շատերը դեռևս չեն ռեաբիլիտացվել: Շտեմարանի տվյալների հավաքման աշխատանքը շարունակվում է: Զուգահեռաբար նյութեր են հավաքվում նաև Խորհրդային Վրաստանի ՆԳՆ Ակադեմիայի արխիվից, իշխանությունների կողմից զանազան մակարդակների և ձևերի բռնությունների ենթարկված հայազգի քաղաքացիների վերաբերյալ, ինչպես նաև գրանցվում են բռնությունների ենթարկված անհատ մարդկանց և ընտանիքների մասին ադրբեջանահայ փախստականների բանավոր հիշողությունները, որոնք մասնակիորեն կլրացնեն ԽՍՀՄ-ում քաղաքական բռնությունների ենթարկված հայերի մասին շտեմարանի նյութերը:

Շտեմարանի մասին


«ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքին համաձայն հունիսի 14-ը Հայաստանի Հանրապետությունում սահմանված է բռնադատվածների հիշատակի օր: 1949 թ. հենց այդ օրն է տեղի ունեցել հայերի մեծ բռնաքսորը Ալթայի երկրամաս և Տոմսկի մարզ, որն իրականացվել է Խորհրդային Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից և Խորհրդային Ռուսաստանի հարավից, գլխավորապես Կրասնոդարի երկրամասից:
1949 թ. հունիսի 14-ին աքսորվածների տվյալների շտեմարանի ստեղծումը հնարավոր է դարձել Armenia Total(itar)is ծրագրի շրջանակներում վերապատրաստված և անկախ հետազոտողների (Սաթենիկ Ֆարամազյանի, Գոհար Ստեփանյանի, Հրայր Զոհրաբյանի, Աշխեն Հակոբյանի, Աիդա Պապիկյանի), ՀՀ Ազգային արխիվի աշխատակիցների (Սոնյա Միրզոյանի, Գոհար Ավագյանի), «Հազարաշեն» ՀԿ-ի թիմի հետևողական աշխատանքի շնորհիվ՝ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ կազմակերպության և Բաց հասարակության ինստիտուտի ֆինանսական օժանդակությամբ և աշխատանքային համակողմանի օգնությամբ։ Շտեմարանի ծրագրային ու կայքի տեխնիկական ապահովումն իրականացրել են Արման և Հրայր Զոհրաբյանները:

1949 թ. հունիսի 14-ին Հայաստանից Սիբիր աքսորված ավելի քան 2 500 ընտանիքների՝ շուրջ 13 000 անձի տվյալների թվային շտեմարանը պարունակում է յուրաքանչյուր անձի վերաբերյալ 29 տվյալ, 1920-1953թթ. ընթացքում քաղաքական բռնությունների հետևանքով մեղադրված (անհարազատ, դասակարգային թշնամի, տրոցկիստ, տրոցկիստ-նացիոնալիստ, արտասահմանյան երկրների շպիոն, հակահեղափոխական, հակասովետական, վնասարար, բանդիտ, դաշնակցական և այլն) և պատժի այլ ձևերի ենթարկված մարդկանց վերաբերյալ՝ շուրջ 34 տվյալ (տես ամբողջական ցանկը)՝ կազմված ՀՀ Ազգային արխիվում առկա գործերից:
Տեղեկացնում ենք, որ ՀՀ Ազգային արխիվում երբեմն բացակայում են դեպորտացված որոշ ընտանիքների գործերը: Այն մարդիկ, ովքեր կհայտնաբերեն իրենց դեպորտացված հարազատների բացակայությունը, մեզ շատ օգնած կլինեն, եթե տեղեկացնեն այդ մասին:
Թվայնացված շտեմարանի տվյալների մի մասը ներկայացնում են գլխավորապես հետազոտական հետաքրքրություն (սոցիալական և աշխատանքային կարգավիճակ, դատավճռի կամ հատուկ հանձնաժողովի որոշման ընդունման օր, դեպորտացիոն էշելոնի համար, այլ քաղաքացիություն, հայրենադարձություն ևն), իսկ որոշ տվյալներ կարող են պարունակել Արխիվային գործի մասին ՀՀ օրենքի՝ մարդու անձնական տվյալների գաղտնելիության սահմանափակումներ (օր.՝ առաջադրված մեղադրանքը), ուստի տվյալ շտեմարանում հանրայնորեն հասանելի ենք դարձրել յուրաքանչյուր աքսորվածի վերաբերյալ 17 կետերից բաղկացած տեղեկություններ (տե՛ս կրճատ ցանկը): Շատ դեպքերում նշված կետերի որոշ դաշտեր լրացված չեն՝ արխիվում համապատասխան տեղեկության բացակայության պատճառով:
Աքսորվածների ընտանիքի անդամները, ժառանգները իրենց աքսորված ազգականի մասին նշված այլ կետերով հավելյալ տեղեկություն ստանալու ցանկության դեպքում կարող են դիմել մեզ՝ հետևյալ էլեկտրոնային հասցեով. armeniatotalitaris@gmail.com
Հետևեք մեզ facebook-ում՝ Armenia Total/itar/is
Մենք շատ երախտապարտ կլինենք, եթե քաղաքական պատժի ենթարկված անձի մասին բացակայող նյութի վերաբերյալ նրանց ընտանիքները մեզ հաղորդեն իրենց հայտնի տեղեկությունները: